Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Անա Պիլավջյանը` Համաամերիկյան նկարչական մրցույթի հաղթող

Անա Պիլավջյանը` Համաամերիկյան նկարչական մրցույթի հաղթող
23.12.2016 | 11:12

«Աթանյան» արվեստի կենտրոնը, որտեղ սովորում են 200-ից ավելի աշակերտներ, դարձել է արվեստի իսկական դարբնոց տաղանդավոր երեխաների համար: Անցած տարիներին կենտրոնի աշակերտները մասնակցել են 300-ից ավելի մրցույթների և ցուցահանդեսների` շահելով բազմաթիվ մեդալներ, մրցանակներ և գավաթներ:

«Easter Seals» համաամերիկյան նկարչական մրցույթի հաղթանակը կրկին «Աթանյան» արվեստի դպրոցինն է: Միացյալ Նահանգներում և նրա սահմաններից դուրս միջազգային նկարչական մրցույթների մասնակցելն ու հաղթանակ գրանցելն «Աթանյան» կենտրոնի դպրոցի սաների համար դարձել են ավանդույթ: Իսկ «Easter Seals» կազմակերպության «Lily» (հովտաշուշան) նկարչական մրցույթի գլխավոր մրցանակն առաջին անգամ չէ, որ նվաճում է արվեստի այս հիանալի կենտրոնը: 2015 թվականին «Տարվա լավագույն հովտաշուշանի» մրցանակակիրը տասնմեկ հազար երկու հարյուր ձայնով դպրոցի տաղանդաշատ աշակերտուհի Լուսին Ենգիբարյանն էր: Նախորդ տարվա մրցույթին մասնակցել էին կենտրոնի 20 աշակերտներ, որոնցից չորսն անցել էին եզրափակիչ փուլ: Նրանց թվում էր նաև Անա Պիլավջյանը, որը վաստակեց երրորդ մրցանակը:

Թվում է՝ հաղթանակն ապահովված էր, արդյունքը` բավարար, սակայն նպատակասլաց և արվեստին ամբողջ հոգով նվիրված Անան չբավարարվեց իր, թերևս, ոչ պակաս կարևոր մրցանակով: Անան երազում էր, որ իր հովտաշուշանն ամենագեղեցիկն ու նուրբը լինի և խորհրդանշի միաձուլումը: Նա ցանկանում էր, որ իր ծաղկով արտադրված ծածկոցների վաճառքից հնարավորինս շատ շահույթ ստացվի, և այն տրամադրվի հիվանդ երեխաների ֆոնդին: Իսկ երազանքին հասնելու միակ ճանապարհն անդադար աշխատանքն ու ուսուցիչների` Գոռ Աթանյանի, Պոլետ Զարգարյանի, Իրինա Սրապիոնյանի և վարպետի` Վլադիմիր Աթանյանի խորհուրդներին հետևելն ու նրանցից ստացած գիտելիքներն օգտագործելն էր: Մանկավարժական այս փորձառու կազմի շնորհիվ դպրոցի շրջանավարտներից 240-ն իրենց ուսումը շարունակել են արվեստի ամերիկյան լավագույն ինստիտուտներում և համալսարաններում, շատերը դարձել են արհեստավարժ մասնագետներ` նկարիչներ, դիզայներներ, ճարտարապետներ:


Վերջապես եկավ մրցույթի վերջնակետը, որքան սպասված, նույնքան էլ պատասխանատու պահը: Անա Պիլավջյանը տարբեր տարիքային խմբերի լուրջ մրցակիցներ ուներ, այդ թվում` արհեստավարժ նկարիչներ: Հովտաշուշանի դիզայնը և դրանում դրված իմաստը նախ պետք է գրավեն ժյուրիի անդամների ուշադրությունը, այնուհետև ինտերնետային քվեարկությամբ պետք է ապահովեն համապատասխան ձայների քանակ և, վերջապես, հարյուրավոր հովտաշուշանների կողքին պետք է արժանանան քվեարկողների ուշադրությանը:
Որքան մրցույթն ամփոփելու ժամանակը մոտենում էր, այնքան մասնակիցների անհանգստությունն ավելանում էր: Վերջապես եկավ սպասված պահը: Անա Պիլավջյանի «Lily»-ն ինտերնետային քվեարկությամբ իր մրցակիցներից 2000- ից ավելի ձայնով արժանացավ «Ester Seals» կազմակերպության առաջին մրցանակին և տարվա լավագույն հովտաշուշանի գավաթին:


Հովտաշուշանն այսուհետ կդառնա Անայի երազանքների իրականացման խորհրդանիշը:
Չմոռանանք նշել, որ «Աթանյան» կենտրոնի սաները մասնակցել են նաև մայր հայրենիքում կազմակերպված մանկապատանեկան նկարչական մրցույթ-փառատոների, իսկ 2013, 2015 թվականներին արժանացել գլխավոր մրցանակների: «Աթանյան» արվեստի կենտրոնի ստացած բազմաթիվ պարգևներին վերջերս ավելացան Գլենդեյլի քաղաքապետարանի «Լավագույն արվեստի կենտրոն» պատվոգիրն ու գավաթը:


Նաիրա ՓԵԼԹԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 1246

Մեկնաբանություններ